Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես կնախընտրեի ապրել Բորխեսի գրադարանում»

«Ես կնախընտրեի ապրել Բորխեսի գրադարանում»
01.12.2016 | 17:39

Ընթերցողի սեղանին են Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան» և Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» գրքերը: Արգենտինացի հանրահայտ գրողները մտերիմ ընկերներ են եղել, նաև համահեղինակել են դետեկտիվ մի շարք գործեր: «Մորելի գյուտը» վեպը համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցներից է, Ռոբինզոնի նման ամայի մի կղզում ապաստանած փախստականի մասին է, որը մի օր հանկարծ հայտնաբերում է, որ կղզում ինքը միայնակ չէ: Իսպաներենից թարգմանությունը Կառա Չոբանյանինն է:

«Բաբելոնյան գրադարան» պատմվածքների և էսսեների ժողովածուում տեղ գտած գործերի մի մասը 1992-ին հրատարակել է «Ապոլոն» հրատարակչությունը` Հովհաննես Բոդուկյանի թարգմանությամբ: ԿԱՌԱ ՉՈԲԱՆՅԱՆԻ թարգմանությամբ «Բաբելոնյան գրադարանում» տեղ գտած ժողովածուները համալրվել են: Ձեռք է բերվել դրանց ամբողջական հրատարակման իրավունքը: Արգենտինացի հանրահայտ գրողների գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսը տեղի ունեցավ «Էնոտեկա» գինու սրահում` հարց ու պատասխանի ձևաչափով:

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան ԳՈՆՍԱԼՈ ՈՒՌԻՈԼԱԲԵԻՏԻԱՆՆ այս գրքերի թարգմանությանը մեծ կարևորություն է տալիս, նրա բնորոշմամբ` մի երկրի գրականությունը մեկ այլ երկրում հոգևոր հետք է թողնում: Երբ մի օր այստեղից մեկնի, Հայաստանից մասնիկ կտանի իր հետ, կլինի մի փոքր հայ, դրա համար ուզում է, որ Հայաստանում էլ բոլորն ունենան մի մասնիկ արգենտինական մշակույթից: «Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է կառավարությունը աջակցում, գումարներ ծախսում իրենց գրողներին դրսում ներկայացնելու համար: Դեսպանն ի պատասխան ասաց, որ Արգենտինայի կառավարությունը չի ծախսում, ներդրում է անում. «Մշակույթի մեջ ներդրումներ անելը սահմաններ չի ճանաչում: Ներդրումն ու դրա արդյունքը չես կարող չափման միավորներով որոշել, կարող ես միայն զգալ: Բայց երբ որևէ երկրում ինչ-որ մեկը խոսում է Չե Գևարայի, Բորխեսի, Հռոմի պապի, Մարադոնայի, Պիացոլայի և այլ հայտնի անունների մասին, հասկանում ես, որ անհրաժեշտ է խոսել, մարդկությանը հայտնել նրանց մասին»:


«Ո՞ր գրքում կցանկանայիք ապրել-բնակվել» հարցին ի պատասխան «Անտարեսի» գլխավոր խմբագիր, գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ասաց, որ շատ դաժան կլիներ Կասարեսի գրքում բնակվելը. «Այս երկու գրքերը տարածություններ են, որ ուզում ես ընդարձակել ճանաչողությունդ, գիտելիքներդ, բայց բնակվել չէի ցանկանա»:


Թարգմանիչն անկեղծորեն ասաց, որ բնակվում էր Կասարեսի գրքում, նույնացել էր հերոսի հետ: Թարգմանությունը տեխնիկական առումով նրա համար հեշտ է եղել, հոգեբանական առումով` շատ դժվար: Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ գրքում ներկայացված վայրը, տեխնոլոգիաները նշանակետ են այսօրվա աշխարհի համար: Վիրտուալ իրականությունը տանում է դեպի Կասարեսի ներկայացրած աշխարհը: Եթե մենք Google ակնոցներ ենք օգտագործելպարբերաբար, նշանակում է գնում ենք դեպի այն միջավայրը, որ 60-70 տարի առաջ ներկայացրել է արգենտինացի գրողը: Արգենտինայի դեսպանի պատասխանն այլ էր. «Ես կնախընտրեի ապրել Բորխեսի գրադարանում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ